Ծնող լինելը որքան բնական, նույնքան
և բարդ է: Ժամանակակից փոփոխվող հասարակության պայմաններում, տեղեկատվական, տեխնոլոգիական
և տնտեսական զարգացումներին զուգահեռ, փոոփոխվել են նաև երեխաներին ճիշտ դաստիարակելու
մասին պատկերացումները: Գոյություն ունեցող բազմաթիվ և երբեմն հակասական տեսությունները
հաճախ շփոթմունք են առաջացնում՝ կանգնեցնելով ծնողներին լուրջ ընտրության առաջ: Բայց
այնուամենայիվ, անկախ դաստիարակման մեթոդից, այն ծնողներն, ում հաջողվում է վաստակել
«լավ ծնողի» համբավը, իրենց երեխաների կողմից ստանում են համապատասխան արձագանք: Ստորև
ներկայացված են այն ազդակները, որոնք փաստում են ձեր՝ լավ ծնող լինելու մասին:
1. Դուք թույլ եք տալիս երեխային սովորել
սեփական սխալների վրա: Ծնողական բնազդը հուշում է պաշտպանել երեխային արտաքին տարատեսակ
վտանգներից, բայց պետք է հիշել, որ հմտությունները զարգանում են միայն սեփական փորձի
և բնականաբար նաև անհաջողությունների արդյունքում: Երեխան ինքնաճանաչման և ինքնադրսևորման
տարածքի կարիք ունի, իսկ գերխնամքը խլում է նրանից այդ տարածությունը: Հիշեք, որ դուք
պետք է սովորեցնեք երեխային ապրել, այլ ոչ թե ապրեք նրա փոխարեն:
2. Դուք լիովին գիտակցում եք, որ երեխան
առանձին անհատ է: Երեխայի անհատականության ընդունումը խոսում է հոգեբանական հասունության մասին: Ծնողները պետք
է ներգրավվեն երեխայի հետաքրքրություններում, պետք է օգնեն և խրախուսեն նրան՝ թույլ
տալով, ինքնուրույն ընտրել և ձևավորել սեփական
նախասիրությունները, որոնք միշտ չէ, որ կհամընկնեն հետաքրքրությունների իրենց շրջանակի
հետ:
3. Դուք հրաժարվում եք վնասակար սովորություններից՝
օրինակ ծառայելու համար: Բոլորս էլ ունենք վատ սովորություններ և թերություններ, սակայն
երեխայի ծնունդից հետո ամեն բան փոխվում է: Եթե դուք պատրաստ եք երեխային խորհուրդներ
տալու և խրատելու փոխարեն սեփական փորձով ցույց տալ առողջ և ճիշտ
ապրելակերպի առավելությունը, ապա վստահ եղեք, որ լավ ծնող լինելու ձեր ջանքերը
զուր չեն:
4. Դուք ձեզ վատ ծնող եք համարում:
Կարող է պարադոքսալ թվալ, սակայն այն ծնողները, ովքեր կարծում են, որ իրենց մոտ ոչինչ
չի ստացվում, հիմնականում ամեն ինչ ճիշտ են անում: Իսկ այն ծնողները, ովքեր վստահ են,
որ իդեալական են, հետագայում կորցնում են հոգեբանական կապն իրենց երեխայի հետ և կանգնում
են բազմաթիվ խնդիրների առջև:
Կարևոր է հիշել, որ հաջողության և սեփական
երեխայի հետ ամուր կապ ստեղծելու համար հարկավոր է ոչ թե իդեալական ծնող լինել, այլ
պարզապես սիրել նրան, և ծնողի դերում նպատակ դարձնել ոչ թե սեփական կերպարի կատարելությունը,
այլ երեխայի երջանկությունը:
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան.