Ներելու կարողություն: Մարդիկ հաճախ
իրենց մտածված կամ չմտաված քայլերի արդյունքում կարող են աններելի արարքներ թույլ տալ
մեկը մյուսի հանդեպ, վիրավորել, նեղացնել իրար: Վիրավորանքն, իհարկե, դժվար հաղթահարելի
զգացում է, սակայն կան մարդիկ, ովքեր ներելու ուժ են գտնում և կարողանում են հարթել
խարխլված հարաբերությունները: Խոսքն այստեղ իսկապես, ի սրտե ներելու և մոռանալու մասին
է, որին ընդունակ են միայն իրապես ուժեղ անհատականությունները:
Ներողություն խնդրելու կարողություն:
Ներելուց բացի, ուժեղ մարդիկ կարողանում են նաև ներողություն խնդրել: Նրանք գիտակցում
են, որ կատարյալ չեն և ընդունում են իրենց մեղավորությունը: Սա խոսում է պատասխանատվության
բարձր մակարդակի և հասունության մասին, քանի որ մարդը չի վախենում պատասխանատվությունից
իր իսկ արարքների համար և պատրաստ է ընդունել իր սխալը:
Սիրելու կարողություն: Թվում է թե
բոլորս էլ կարողանում ենք սիրել, սակայն շատերը շփոթում են սիրելը սեփականատիրական
պահանջմունքի, մենությունից փախուստի և նմանատիպ այլ երևույթների հետ: Իսկապես սիրել
նշանակում է ընդունել այլ մարդուն իր թերություններով հանդերձ, հարգել նրան և նրա ազատության
իրավունքը, սիրել նրան առանց նախապայմանների և ամենակարևորը՝ չգերադասել սեփական շահերը
նրա շահերից: Սեփական Ես-ի սահմաններից դուրս՝ իսկական սիրուն ընդունակ են միայն ուժեղները:
Անկեղծություն: Սա ուժեղ մարդկանց
բնորոշ հատկություններից մեկն է: Մարդիկ միշտ չէ, որ կարողանում են անկեղծ լինել ուրիշների
կամ իրենք իրենց հետ, քանի որ անկեղծությունը ենթադրում է օբյեկտիվ իրականության կամ
մտքերի ու զգացմունքների ոչ նպաստավոր դրսևորման լիակատար ընդունում: Ուժեղ մարդիկ
չեն վախենում իրականության աչքերին նայելուց և այդ իրականության բարձրաձայնումից, նրանք
նդունում են կյանքն այպիսին, ինչպիսին այն կա:
Երազելու կարողություն: Այս ունակությունը
մարդու ամենազարմանալի և հրաշալի շնորհներից մեկն է: Բոլոր մարդիկ էլ շատ թե քիչ երազում
են, հատկապես փոքր տարիքում, սակայն մեծանալուն զուգահեռ այս կարողությունն աստիճանաբար
անհետանում է՝ մնալով սոսկ մանկության հուշերում: Այդ է պատճառը, որ շատերի կարծիքով
երազանքների գիրկն ընկնելը հասուն մարդուն հարիր չէ: Բայց իրականությունն այլ է: Երազելու պահանջ մարդն ունենում է կյանքի բոլոր փուլերում, պարզապես
դրանց անհեռանկարային, ֆանտաստիկ բնույթը հուսախաբ է անում շատերին: Ուժեղ մարդիկ կարողանում
են լսել իրենց ներքին ձգտումների ձայնը և քիչ ուշադրություն են դարձնում հասարակության
թելադրած կարծրատիպերին: Արդյունքում նրանք
չեն կորցնում երազելու իրենց ընդունակությունը՝ հավատալով երազանքների իրականացման
հնարավորությանը:
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան.