Բոլորս
էլ կյանքում գոնե մեկ անգամ ապրել ենք խանդի զգացումը և անկասկած ծանոթ ենք դրան: Խանդը
հզոր, երբեմն անկառավարելի զգացողություն է, որի առաջացման համար կան մի շարք նախադրյալներ:
Խանդի
առաջացման հիմնական պատճառը վախն է: Երբ մենք վախենում ենք կորցնել, նրան, ում սիրում
ենք, առաջանում է լարվածություն, բացասական էմոցիաների հոսք, որոնք կուտակվելով՝ վերածվում
են խանդի:
Մյուս
պատճառը, որն ընկած է այս երևույթի հիմքում անվստահությունն է՝ կապված սեփական անձի
կամ տվյալ հարաբերությունների հետ: Սեփական Ես-ի հանդեպ անվստահությունը խոսում է տարատեսակ
կոմպլեքսների կամ խիստ ինքնաքննադատության մասին: Հարաբերություններում դրսևորվող անվստահությունը
կարող է բխել սիրելիի նկատմամբ որևէ միջադեպի արդյունքում կորցրած հավատից և վստահությունից:
Խանդի
դրսևորման հաջորդ պատճառը սիրելիի հանդեպ սեփականատիրական վերաբերմունքի ձևավորումն
է: Երբ կողմերից մեկը չի հարգում մյուսի ինքնուրույն անձ լինելու փաստը, նրա ազատության
և անձնական տարածություն ունենալու իրավունքը, այսինքն՝ փորձում է իր «բռի մեջ պահել»
նրան, այս պարագայում ճանապարհ է բացվում բացասական մի շարք հույզերի, այդ թվում նաև
խանդի համար:
Իսկ ի՞նչ անել, երբ իրավիճակն արդեն իսկ դուրս է եկել վերահսկողությունից, իսկ
խանդի նոպարներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում:
1. Խանդից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է գիտակցել, որ այն՝ իր բացասական
բոլոր հետևաններով ձեզ հարկավոր չէ: Խանդի դրսևորման ձևերը՝ սիրելիին անընհատ զանգելը,
հետևելը, նրա իրերը քրքրելը՝ ինչ-որ բան հայտնաբերելու ակնկալիքով, վեճերը և այլն չեն
գործում ի նպաստ ձեր հարաբերությունների: Առողջ և երկարատև հարաբերությունները չեն
կարող հիմնված լինել անվստահության, լարվածության վրա: Այդ իսկ պատճառով գնահատեք ձեր
քայլերը հարաբերություններին օգնելու կամ վնասելու տեսանկյունից:
2. Մյուս քայլը սեփական վախերի հաղթահարումն է: Սրա համար հարկավոր է դադարել
այլ մարդկանց հետ համեմատվելուց: Երբ դուք չվախենաք, այն մտքից, որ ձեր զուգընկերը
կարող է հանդիպես ավելի հաջողակ, գեղեցիկ, խելացի, արժանի որևէ մեկին, համոզված եղեք՝
խանդն ինքնաբերաբար տեղի կտա: Ի վերջո ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, քանի որ
միայն նեքին ներդաշնակության և խաղաղության պայմաններում կհասկանաք, որ պետք է համեմատվեք
միայն ինքներդ ձեզ հետ անցյալում, այլ ոչ թե մտնեք անիմաստ մրցակցության մեջ այլոց
հետ:
3. Խանդից ազտվելու համար հարկավոր է ունենալ սեփական անձնական տարածությունը,
հետաքրքրությունների առանձին, թեկուզ և նեղ շրջանակը, որում տեղ չի լինի ձեր զուգընկերոջ
համար: Անհրաժեշտ է սովորել մեկ ուրիշի կյանքը սեփական կյանքի հետ չշփոթելը: Նույնիսկ
ամենամտերիմ մարդիկ, ի վերջո առանձին անհատներ են, ովքեր ապրում են իրենց սեփական կյանքը:
Երբ ինքնուրույնության այս զգացումը կորում է, իրավիճակն անպայման դառնում է խնդրահարույց
և հանգեցնում է կոնֆլիկտների: Երբ վերագտնեք
սեփական կյանքով ապրելու զգացողությունը, արդեն ինքներդ չեք լարվի, այլ բաների մասին
մտածելու ժամանակ կունենաք, կխաղաղվեք, և խանդը կանհետանա:
Վերը թվարկված խորհուրդներն ուղղված են արդեն իսկ առաջացած խանդի հաղթահարմանը:
Սակայն դրանց ականջալուր լինելիս, պետք է հիշել, որ այդ ամենին զուգահեռ՝ հարաբերությունները
կառուցվում են փոխադարձ հարգանքի, մեկը մյուսի առաջ պատասխանատվության, ինչպես նաև
ինչ-ինչ զոհաբերությունների, փոխզիջումների հիման վրա:
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան.