Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ
Քոչարյանը հայտարարություն է տարածել իր կալանավորման որոշման վերաբերյալ, որտեղ նա
նշել է, որ վճիռը «քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ
ճնշումների պայմաններում»:
«Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում
էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն
պատմության մեջ աննախադեպ մի բան է, գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան
ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու
վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։ Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ
տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում
է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները։
Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում,
Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն
տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ
է, որ 2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների
գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել», – գրել
է նա:
Նա նաև վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ հասնելու է
ազատության։