Հանրապետությունում
նախորդ տարվա մայիս-դեկտեմբեր ամիսներին 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Նախնական
կանխավարկածով՝ դրանց մի մասը եղել են նախկինում ստվերում եղած աշխատատեղերը: Այդ մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման
ընթացքի և արդյունքների ներկայացմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բարգավաճ
Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե որ ոլորտներում
որքան աշխատատեղեր են ստեղծվել և որքան ներդրումներ են կատարվել:
«2018-ին
ունեցել ենք շատ տարօրինակ իրավիճակ: Մայիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում հայտնվել
է 37 հազար նոր աշխատատեղ: Եվ մեր կանխավարկածն այն է, որ դրանց առնվազն 30 հազարը
ստվերում եղած աշխատատեղերն են, որոնք հեղափոխությունից հետո սկսվել են գրանցվել: Մենք,
ցավոք, չենք կարող ասել, թե որքան աշխատատեղ է ստեղծվել: Ֆորմալ առումով այդ 37 հազար
աշխատատեղը ստեղծվել է մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում»,- ասաց Փաշինյանը:
Նա
դժվարացավ նշել, թե որ ոլորտում որքան աշխատատեղ է ստեղծվել: Սակայն վարչապետը հավաստիացրեց,
որ բավականին թվով նոր ստեղծվող աշխատատեղեր կան: Նա ընդգծեց, որ այս փուլում կլինեն
փակվող և նոր ստեղծվող աշխատատեղեր, քանի սա տնտեսական տրանսֆորմացիայի մի փուլ է:
Վարչապետը կարևորեց, որ փակվողների և բացվողների բալանսը պահպանվի և վստահեցրեց, որ
իրենց քաղաքականության ողջ տրամաբանությունն այն է, որ բացվեն անհամեմատ ավելի շատ
թվով աշխատատեղեր, քան փակվում են: