Загрузка...

Հունձը




Խոտհունձի թեժ շրջան էր,պապս ամեն օր դաշտ էր գնում խոտը հնձելու, շուռումուռ անելու,որ հասցնի չորանալ ,մինչև անձրևների սկսվելը։
Ես 7 տարեկան էի,պապիկի հետ համարյա ամեն օր գնում էի դաշտ,մտածում էի պապին դաշտում մենակ կլինի,խոսելու ընկեր չի ունենա ,կտխրի։
Այդ օրն էլ սովորականի պես պապիկի կողքով քայլում էի քարքարոտ ու նեղ ճանապարհով,որը այդպես էլ չսիրեցի։
Պապին երբեք չէր խոսում ճանապարհին,միայն երբեմն պատասխանում էր գյուղացիների բարևներին։ Իրեն այդքան հատուկ լուրջ դեմքով , գերանդին ուսին,արագ-արագ քայլում էր։
Ես զինակրի հպարտությամբ տանում էի տոպրակը,որի մեջ մուրճն էր ու գերանդին սրելու մյուս գործիքները։ Ծանր էր,բայց ես ամեն անգամ համոզում էի,որ ձեռքիցս չվերցնի տոպրակը։
Հասնում էինք դաշտ,պապին գերանդին սրում էր ու սկսում հնձել կանաչ խոտը։Ամեն անգամ ուշադիր հետևում էի պրոցեսին, աչքերս մեկ գերանդուն էի հառում,մեկ պապիկի ծերացած ,բայց իմ աչքում շատ զորեղ ձեռքին։
Ամեն անգամ մեր վեճը նույնն էր,ես խնդրում էի,որ գերանդին ինձ տա ,հնձեմ։
Պապիկը ամեն անգամ բարկացած գոռգոռում էր.
խելոք տեղդ նստի ,շուն շան որդի։
Այս անգամ էլ ոչինչ չէր փոխվել,պապին իր բարկացկոտ աչքերով նայեց ու շարունակեց աշխատել։
Ես ամեն անգամվա պես բարկացած ու նեղացած տեղավորվեցի քարերի կույտի վրա ու մտքումս սկսեցի պատասխանել պապիկին,բարձրաձայն ոչինչ չասացի,խիզախությունս չէր բավականեցնի։
Եղանակը միանգամից փոխվեց ,սկսեց անձրևել,պապիկը երկնքին հայհոյելով սկսեց հավաքել գործիքները։ Անձրևը այնքան ուժեղ էր,կարծես ջուրը դույլերով դատարկեին,մենք համարյա վազելով իջանք գյուղ,պապիկը 85 տարեկան էր ,այնքան արագ էր քայլում,որ դժվարանում էի հասցնել իր հետ համաչափ գնալ։։
Ճանապարհը այնքան ցեխոտ էր ,որ մանր ու մեծ քարերը սայթաքում էին ոտքերի տակից,ցուրտն ու քամին էլ ավելի էին փչացնում տրամադրությունը։
Պապին ինչպես միշտ չէր խոսում ճանապարհին,ձեռքս բռնել էր ու եղանակի , քամու,աստվածնրի  հասցեին լուտանքներ տեղալով գնում էր։
Ես ավելի էի մրսում, հագիս բարակ բլուզը թրջվել , կպել էր մարմնիս ։ Պապին մի պահ կանգնեց,իր պիջակի նմանվող հնամաշ շորը հանեց  գցեց ուսերիս ու ժպտաց։ Այն բարի ժպիտով, որով երևի երբեք չէր ժպտացել։
Երկուսս էլ թրջված հասանք ու պատսպարվեցինք գյուղի տներից մեկում ։ Հին  ու մրոտ հացատանը միքանի րոպե կանգ առանք, պապին միքանի բառ փոխանակեց տան տիրոջ հետ ։Վերադարձանք մեր տուն։
12 տարի անց,  մահվան շեմին,պապին անկողնում պարկած ջուր կուլ տալ չէր կարողանում։
Բամբակը թրջեցի մոտեցրի շուրթերին,որ գոնե ծարավը մի քիչ հագենա,պապին կիսաբաց աչքերով նայեց երեսիս, հազիվ կարողացավ ժպտալ,այն ժպիտով ,որ առաջին անգամ տեսել էի 12 տարի առաջ,այն անձրևոտ օրը։



Նյութի հեղինակ՝ Լիլիթ Հայրապետյան

Ռուսական բլոգ

Загрузка...
загрузка...
Загрузка...

Այլ նյութեր

Загрузка...
загрузка...
Загрузка...