Երեւանի շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները բողոքում
են լարված աշխատանքից, դրա դիմաց տրվող ցածր աշխատավարձից և բժշկական ապահովագրության
բացակայությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում
«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ վերոնշյալ խնդիրները
շտապօգնության բուժանձնակազմի մշտական քննարկման հարցերից են, սակայն դրանց շուրջ խոսակցությունները
թեժացան հատկապես առողջապահական առաջնային օղակի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումից
և նրանց սոցփաթեթի ծառայություններից օգտվելու
հնարավորությունից հետո: «Վերջին մեկ ու կես ամիսների ընթացքում շտապօգնության կանչերի
ավելացում է նկատվում: Եթե նախկինում շտապօգնությունն օրական 600-650 կանչ էր սպասարկում,
այսօր կանչերի թիվը հասել է 800-850-ի»,-ասաց
նա:
Ստեփանյանի խոսքով՝ մեկ հերթապահության համար շտապօգնության
ծառայության բժիշկը վաստակում է 18 հազար դրամ, բուժքույրը՝ 11 հազար, իսկ վարորդը
10 հազար դրամ: «Բուժանձնակազմի աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2011 թվականին»,-մատնանշեց
նա:
«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրենը հերքեց այն տեղեկատվությունը,
թե շտապբուժօգնության աշխատակիցները հերթով աշխատանքից ազատման դիմումներ են գրում:
«Միայն մեկ հոգի է ազատման դիմում ներկայացրել, ով մեր շատ լավ աշխատողն է եղել, ուղղակի,
քանի որ մեզ մոտ համատեղությամբ է եղել, ծանրաբեռնվածության պատճառով չի հասցնում շարունակել
աշխատանքը: Ես ազատման այլ դիմումներ չեմ ստացել»,-հավելեց նա:
Շտապօգնության աշխատակիցների բողոքների հետ կապված Թագուհի
Ստեփանյանը դեռ չի հանդիպել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, սակայն Երևանի
քաղաքապետարանը խնդրի մասին տեղեկացված է: «Կարծում եմ այդ հարցի շուրջ քննարկումներ
կլինեն առաջիկայում»,-ընդգծեց նա:
Երևան քաղաքը սպասարկում է 36 շտապօգնության մեքենա:
Նյութի աղբյուրը՝ Vnews.am