«Մոսկվա» կինոթատրոնի շենքը կառուցվել
է 1937թ. ՀՀ մայրաքաղաքի սրտում
(ճարտարապետներ` Տ. Երկանյան և Գ.
Քոչար): Այն գլխավոր ճակատով ուղղված է Շառլ Ազնավուրի անվան հրապարակին, մի թևը փռված
է Աբովյան փողոցի վրա մինչև Թումանյան փողոց, իսկ մյուսն ընկնում է փողոցների անկյունում
տարածվող թաղամասի վրա։ Շենքը վերակառուցվել է 1960թ.` Գ. Քոչարի և Թ. Գևորգյանի ճարտարապետությամբ,
ապա 1983թ.` ճարտարապետներ Բ. Արզումանյանի, Զ.
Զաքարյանի, Ա. Իսրայելյանի, Ա. Մելիքյանի նախագծով։ «Մոսկվա» կինոթատրոնի շենքը
քարակերտ է, հարկածածկերը` երկաթբետոնե։ Շենքի
ճակատային մասում կիրառված է տարբեր գույների քարերի համադրություն։ Շենքի ներքին պատերը,
հատկապես դահլիճի, պատված են ծակոտկեն տուֆով և ձայնորսիչ սարքերով։ Կիրառվել է
1930-ական թթ. կինոթատրոնների շենքերին հատուկ
ոճեր, դահլիճների քարե հարթ պատերին ցայտուն ընդգծված շեղադիր ռումբաձև փոքր պատուհաններ
կան, գլխավոր մուտքի սանդուղքների երկու կողմերում` սեպաձև վահանակներ, կողային ճակատներին` խորաքանդակներ հայկական ֆիլմերի թեմաներով։ Կինոթատրոնի
շենքում կա 4 դահլիճ` մեծ դահլիճ` Կարմիր դահլիճ (491 նստատեղով), Կապույտ դահլիճ (352 նստատեղով),
VIP` առանձնացված (35 նստատեղով) և բացօթյա
ամառային դահլիճ։