Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող
տրանսպորտային պարկի և վերելակների արդիականացման ծրագրերին և առաջարկում է Հայաստանում
վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով
բելառուսական BelTA գործակալությունը, հարցը
քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի
և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի միջև կայացած հանդիպման ընթացքում:
Վլադիմիր Անդրեյչենկոն հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի
և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը գնալով աճում է: Նա վստահություն է հայտնել,
որ կողմերը պետք է անցում կատարեն համագործակցության ավելի բարձր մակարդակի և ստեղծեն
համատեղ ձեռնարկություններ: «Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող
տրանսպորտային պարկի, ինչպես նաև վերելակների արդիականացման ծրագրին»,- ասել է Անդրեյչենկոն:
Նա հայտնել է, որ վերելակների արտադրությամբ զբաղվող
“Могилевлифтмаш” գործարանի պատվիրակությունը պլանավորում է մոտ ապագայում այցելել
Հայաստան: Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի խոսքով՝ Բելառուսը
հույս ունի, որ Հայաստանում համատեղ գործարան հիմնելու որոշում կընդունվի:
Վլադիմիր Անդրեյչոնկոն նաև ընդգծել է, որ Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը
խորացնելու և զարգացնելու հարցում: