ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ
Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի
որոշումը թողեց անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում
ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության
վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:
«Որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներն
ամբողջությամբ մերժվել են: Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- ասաց Մուրադյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում էր դատավոր
Մնացական Հարությունյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում
էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող
մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները
բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել
է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի
տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման
միջոց գրավով փոխարինելու մասին:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան
քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք
է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ
նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական
կարգը: