Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանը
VNews.am-ի հետ զրույցում ամփոփեց Հայաստանի առաջնությունը՝ ընդգծելով, որ բավական
տաղանդավոր ծանրորդուհիներ ունենք, որոնք հետագայում մեզ կուրախացնեն իրենց նվաճումներով:
«Կանանց առաջնության ժամանակ տեսա, որ ունենք մատաղ սերունդ,
լավ երիտասարդ աղջիկներ: Դա էր միակ անակնկալը: Իսկ արդյունքները մոտավորպես պատկերացնում
էի, քանի որ տեսել էի նրանց ունակությունները հավաքների ժամանակ, գիտեի, թե ինչի են
ընդունակ աղջիկները: Պարզապես ցանկանում էի հարթակի վրա ևս մեկ անգամ համոզվել»:
Տարին բավական հագեցած է լինելու. հավաքներ, մրցաշար ու նորից
հավաքներ: ԱՄՆ-ում մարտին կայանալիք պատանիների
աշխարհի առաջնությանը կանանց ընտրանուց Հայաստանը կներկայացնի 76 կգ քաշային Լիանա
Գյուրջյանը: Միայն Լաս Վեգասում գրանցած արդյունքներից հետո մարզչական շտաբը կորոշի
Լիանան կմեկնի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, թե կնախապատրաստվի հունիսին տեղի
ունենալիք աշխարհի երիտասարդների առաջնությանը:
Ապրիլի 3-ից 13-ը Բաթումիում տեղի ունենալիք ԵԱ-ում Հայաստանի
մարզական պատիվը կպաշտպանեն Իզաբելա Յալյանը
(64 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը
(87 +կգ):