Մեռնել սիրուց նշանակում է ապրել:
Սրանք հանճարեղ մարդու ճշմարիտ
խոսքեր են: ԵՎ իզուր չէ, որ հայկական տոների շարքում ունեննք օր, որը նվիրված է սիրուն:
Սիրո տոնին սպասում են բոլորը: Այս օրերին հասարակությունը բաժանվում է երկու մասի.
Մի մասը առաջնորդվում է հայկական տոնացույցով՝ նշելով սիրո բարեխոս Սուրբ Սարգիսի տոնը,
որն ընդունված է առաքելական եկեղեցու կողմից, մյուս մասը նշում է Սուրբ Վալենտինը,
որը ավելի լայն տարածում ունի աշխարհում և ընդունված է կաթոլիկների կողմից: Տոներից
յուրաքանչյուրը ունի իր յուրատեսակ ու հետաքրքիր ավանդույթները, և մեզնից յուրաքաանչյուրը
ընտրում է այն, որը ավելի հոգեհարազատ է իրեն:
Սուրբ Սարգիսը սիրո հայկական տոնն
է, հետևաբար այստեղ գերակշռում է հայկականը: Ժողովրդական պատկերացումների համաձայն՝
Սուրբ Սարգիսը օգնության էր հասնում երիտասարդ աղջիկներին, որոնց ամուսնացնում էին
իրենց կամքին հակառակ: Երբ սիրահար զույգերը ծնողների կամքին հակառակ փախչում էին,
նրանք գիշեր-ցերեկ աղոթում էին Սրբին՝ աղաչելով փափկեցնել զայրացած ծնողների սրտերը:
Սուրբ Սարգիսի տոնի խորհրդանիշ – ավանդույթներն են աղի բլիթի և փոխինձը տանիքում դնելու
ավանդույթը:
Սուրբ Վալենտինը այլ պատմություն և այլ ավանդույթներ ունի:
Լեգենդը պատմում է, որ նա հատուկ
մոտեցում էր ցուցաբերում սիրահարներին, օգնում էր գրել նամակներ՝ սիրո խոստովանություններով,
հաշտեցնում էր վիճած զույգերին, ծաղիկներ տալիս երիտաարդ հարսնացուներին:
Վալենտինի օրվա դասական խորհրդանիշը
համարվում են կարմիր վարդերը:
Տարբեր երկրներում տարբեր կերպ
են նշում այս տոնը:
Ճապոնիայում ընդունված է միմյանց
շոկոլադ նվիրել:Այդ օրը ճապոնուհիները կարող են առանց ամաչելու խոստովանել իրենց սերը:
Ամերիկայում կանանց կարմիր և սպիտակ
գույների կոնֆետներ ու կարամելներ են նվիրում, որոնց գույները խորհրդանշում են սերը
և մաքրությունը:
Ֆրանսիացիները իրենց ընտրյալներին
նվիրում են թանկարժեք իրեր և ոսկյա զարդեր:
Շատերը հավատում են, որ եթե փետրվարի
14-ին առաջարկություն անեն իրենց սիրելիին կամ այդ օրը պսակադրվեն, ապա երջանիկ և ամուր
ընտանիք կունենան:
Բայց ահա, թե ինչն է կարևոր. Թեև
տոները տարբեր են, բայց գաղափարը մեկն է՝ՍԵՐԸ: Եվ արդյոք պարտադիր են սիրո տոները,
սիրելիին սիրո օր նվիրելու համար:
Մենք բոլորս բազմաթիվ գրքեր ենք
կարդացել, որոնցում պատկերվում են իդեալական սիրո պատմություններ՝ համեմված գեղեցիկ
խոստովանություններով, տեսել ենք ֆիլմեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ժամանակի
մեջ գոյատևում իրական սերը և ինչպես են զույգերը ամեն օր սնելով ու աճեցնելով վերածում
այն ավելի խորը զգացմունքի, քան պարզապես սիրահարվածությունն է: Բայց մենք՝ հայերս,
երբեմն մենթալիտետից բխող ինչ-ինչ առանձնահատկություններից ելնելով, երբեմն ծանրաբեռնված
առօրյա հոգսերի տակ, մոռանում ենք անակնկալների, խոստովանությունների և խենթությունների
մասին: Եվ կապ չունի թե նորաթուխ սիրահարներ ենք, թե արդեն երկար տարիներ զավակներին մեծացնող զույգեր:
Այդ պատճառով էլ օրացույցի օգնությամբ
հիշեցնում ենք ինքներս մեզ, որ գոնե այդ օրը կենդանացնենք հրաշքը: Թեպետև մեզնից է
կախված՝ տրվենք օրացուցային նշումներին, թե ստեղծենք ինչ-որ մի այլ բան, որը կլինի
միայն մերը, մեր անձնականը:
Ամեն դեպքում հրաշալի է ունենալ
սիրո տոն, որը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս մեզ հիշել, որ մենք ոչ միայն օրինապահ
քաղաքացիներ ու պատասխանատու աշխատակիցներ ենք, ոչ միայն ծնողասեր զավակներ ու նվիրված
ծնողներ ենք, այլ նաև պարզապես տղամարդ և կին, ովքեր սիրում են և սիրված են: Եվ որ
մենք միասին ենք ոչ թե ինչ-ինչ հասարակական նկատառումներից ելնելով, ոչ թե ազգը շարունակելու
կամ հնարավոր կենցաղային խնդիրները լուծելու համար, այլ միասին ենք հանուն իրար և հանուն
այն զգացմունքի, որը կապում է մեզ:
Նյութի հեղինակ՝ Անահիտ Սարգսյան